National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.09.2007
Խորհրդարանը հաստատեց «ՀՀ 2006 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը»

102 կողմ, 1 դեմ եւ 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ քվեարկելով` Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ին, երկօրյա քննարկումից հետո, հաստատեց «ՀՀ 2006 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը»:

Օրակարգային հաջորդ հարցը, որին անդրադարձան օրենսդիրները, պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի եւ Կարեն Կարապետյանի հեղինակած` «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող նախագծերն էին: 2004 թ. ընդունված` «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի կիրառման ընթացքում հայտնաբերվել են թերություններ եւ անճշտություններ: Սահմանադրական բարեփոխումներից հետո նաեւ փոփոխվել են որոշ սկզբունքներ: Սրանով էլ հիմնական զեկուցողը` Հրանուշ Հակոբյանը, հիմնավորեց օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Փոփոխություններով բարձրագույն եւ հետբուհական հաստատություններում սովորող անձանց համար ստեղծվում են հավասար պայմաններ, ուսման վճարի փոխհատուցում է նախատեսվում  ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող` սոցիալապես անապահով ուսանողների համար` անկախ ուսումնառության համակարգից:  Պատգամավորներն առաջարկում են կրթությունն ընդհատած նախկին ուսանողների համար մինչեւ հինգ տարվա ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատությունում վերականգնվելու հնարավորություն` անկախ հեռացման պատճառից: Ընդ որում, պարտադիր զինվորական ծառայությունը չի   դիտարկվում որպես ուսումնառության ընդհատում: Որոշ պատգամավորների մտավախությունը փարատելով` հիմնական զեկուցողը մեջբերեց գործող օրենքից դրույթ, որի համաձայն ուսանողին արգելվում է հեռացնել հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակ: Հեղ ինակներն առաջարկում են օրենքին տալ հետադարձ ուժ` այն 2007 թ. հուլիսի 1-ից կիրառման մեջ դնելով: Նախագծերի վերաբերյալ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի եզրակացությունը, ինչպես ներկայացրեց հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Պետրոսյանը, դրական է: Նրա գնահատմամբ, համակարգի հետագա կատարելագործման կարեւոր քայլ է կատարվում: Փաթեթն արժանացել է նաեւ կառավարության հավանությանը.  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը գտնում է, որ այդպիսով կպաշտպանվի արդարության սկզբունքը եւ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:

Օրինագծերի վերաբերյալ տեսակետներով հանդես եկան երկու խմբակցություններ. «Օրինաց երկրի»   պատգամավոր Հովհաննես Մարգարյանը   ողջունեց առաջարկվող մոտեցումները, բայց դժգոհեց «Օրինաց երկրի» կողմից անցյալ տարի նոյեմբերին ներկայացված համանման նախագիծը քննարկման չդնելուց:   «Ժառանգություն» խմբակցության անունից` Անահիտ Բախշյանը եւս կողմ լինելով առաջարկվող փոփոխություններին` նկատեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից ներկայացված լինելով` հասարակական հնչեղություն ունեցող   հարցը ժամանակին չի քննարկվել:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն այս առիթով պարզաբանեց, որ «Օրինաց երկրի» նախագիծն օրակարգում ներառելուց հետո ընդամենը երեք չորսօրյա նիստեր են գումարվել, որոնց օրակարգը խիստ հագեցած է եղել: Նա հիշեցրեց, որ քաղաքական ուժերն ունեն ստորագրություններ հավաքելու եւ արտահերթ նիստ հրավիրելու հնարավորություն: Խորհրդարանի ղեկավարը կոչ արեց Աժ-ում քննարկվող հարցերը չենթարկել քաղաքական շահարկումների եւ նշեց, որ ողջունում է լավ գաղափարների առաջադրումը ցանկացած պատգամավորի եւ քաղաքական ուժի կողմից:

Սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանի լիազորություններն ավելացել են եւս մեկով` գլխավոր դատախազի նշանակմամբ: Ինչպես ներկայացրեց Աժ նախագահը, այդ պաշտոնի համար հանրապետության նախագահն առաջադրել է ներկայիս գլխավոր դատախազի` Աղվան Հովսեփյանի թեկնածությունը: Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր այդ նշանակմանը: Ելույթ ունենալով` Աղվան Հովսեփյանն իրազեկեց, որ դատախազական համակարգում էական բարեփոխումներ   կատարվել են երկու անգամ` 1998-1999 թթ.,  եւ 2007-ին, երբ մայիսին ընդունվեց «Դատախազության մասին» նոր օրենք: Այդ բարեփոխումների արդյունքում   համակարգը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին եւ Եվրամիության երկրների դատախազական համակարգերի կարգավիճակին:  Գլխավոր դատախազը նշեց, որ վերջին տարիների աշխատանքը նպաստել է երկրում օրինականության ամրապնդմանը, պետական եւ հասարակական կարգի պահպանմանը, ապահովվել է հանցավորության մակարդակի նվազումն ու պետական շահերի պաշտպանությունը: Աղվան Հովսեփյանը նշեց նաեւ թերությունների ու բացթողումների` օրինականության կոպիտ խախտումների, առանձին անձանց ու խմբավորումների դեպքում անպատժելիության հոգեբանության ձեւավորման, հանցավորության դեմ պայքարի անկատարության մասին: Նա նկատեց, որ առանձին դեպքերում դրանք դատախազության աշխատակիցների ցածր պրոֆեսիոնալիզմի հետեւանք են եղել. վերջին չորս տարիներին համակարգի 15 աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից, 26-ը` ենթարկվել կարգապահական տույժերի: Պրն. Հովսեփյանի գնահատմամբ, հանցագործության մակարդակը վերջին տարիներին կայուն է եւ տատանվում է տարեկան 10-12 հազարի սահմաններում: Ընթացիկ տարվա 8 ամիսներին հանրապետությունում նկատվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանցագործությունների նվազում 13 տոկոսով:  Հանցագործությունների մակարդակով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում տարիներ շարունակ զբաղեցնում է վերջին տեղերը եւ զիջում է միայն Տաջիկստանին: Պարոն Հովսեփյանը տեղեկացրեց  նաեւ դատախազական համակարգում ներդրված նոր մոտեցումների մասին` նշելով դատախազների խմբի կողմից մեղադրանքի պաշտպանության եւ միեւնույն դատախազի կողմից դատական վարույթի նկատմամբ հսկողության փորձը: Եթե նախկինում դատախազության ստորաբաժանումները ձեւավորվել  են` ելնելով դատախազական գործառույթներից, այժմ կառուցվածքային փոփոխություններով ստեղծվել են մասնագիտական  վարչություններ` ըստ հանցագործության տեսակների: Գլխավոր դատախազությունում ձեւավորվել է կոռուպցիայի դեմ պայքարի բաժին: Ընտրական իրավունքի խախտմանը մեծ կարեւորություն տալով` վերջին ընտրությունների ժամանակ դատախազությունում ստեղծել են աշխատանքային խմբեր: 2007 թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում ստացվել է ընտրախախտումների մասին 46 գրավոր հաղորդում եւ 43 ահազանգ: Դատարան է ուղարկվել 8 քրեական  գործ: 

Գլխավոր դատախազին հարցեր ուղղելու նպատակով հերթագրվել էր 22 պատգամավոր:  Հարցերը բազմաբնույթ էին եւ վերաբերում էին   առանձին քրեական գործերին, կոռուպցիայի եւ թրաֆիքինգի երեւույթներին: Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ կարճվել է մի քանի ամիս առաջ Գյումրիում երեխայի  անհետացման առիթով հարուցված քրգործը: Ավելի ուշ տնակներից մեկում հայտնաբերված դին ուսումնասիրելով` դատախազությունը պարզել է, որ երեխան զոհվել է նռնակի պայթյունից, եւ բացառվում է երրորդ անձի մասնակցությունը: Թեեւ փոխվել է Ալեքսանդր Արզումանյանի    խափանման միջոցը,  քրեական գործը կարճված չէ: Լոռու մարզի դատախազի սպանության բոլոր վարկածներն ուսումնասիրվում են եւ բոլորն էլ կապված են նրա մասնագիտական գործունեության հետ: Այս գործով հանդես եկող վկաններին հարցաքննելու եւ նրանց վրա ճնշումներ գործադրելու մասին լրատվամիջոցներում շրջանառվող  լուրերը  Աղվան Հովսեփյանը որակեց «շոու» եւ նկատեց, որ կան մարդիկ, որ շահագրգռված չեն գործի բացահայտմամբ:

Պատգամավորները սեպտեմբերի 13-ի նիստում կշարունակեն հարցերով դիմել գլխավոր դատախազին: 

Ըստ ԱԺ կանոնակարգի` քառօրյայի երրորդ օրվա վերջին նիստում կայացավ պատգամավորների եւ կառավարության անդամների հարցուպատասխանը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am